Հայ
Eng
Քննարկվել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված «Շինարարական կլիմայաբանություն» վերանայված շինարարական նորմերի նախագիծը
05 սեպտեմբերի 2023

Քննարկվել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված «Շինարարական կլիմայաբանություն» վերանայված շինարարական նորմերի նախագիծը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հայաստանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շինարարական նորմերի վերանայման նախագծի քննարկումը մեկտեղել էր ոլորտային գերատեսչությունների, մասնագիտացված կազմակերպությունների ու ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներին։

 

Վերջին տասնամյակներում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքով անհրաժեշտություն առաջացավ վերանայել ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական կլիմայաբանություն» նորմերում օգտագործված կլիմայական հարաչափերի հաշվարկները։

 

Վերջին ամենատաք երեք տարիները Հայաստանում դիտվել են 2010, 2018 և 2021 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների, և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017-18 թվականների ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։

 

Կլիմայական մոդելների կանխատեսումները վկայում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին մինչև 21-րդ դարի վերջ։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության ներկա միտումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծման համար կիրառվող կլիմայական հարաչափերը, որոնք թերի են ներկայացված եղել ՀՀՇՆ II-7.01-2011-ում։

 

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի կողմից մշակված «Շինարարական կլիմայաբանություն» վերանայված շինարարական նորմերի նախագծի առաջին խմբագրության փաթեթը ներառում էր կլիմայի փոփոխություններն ու շինարարական նորմերում դրանք հասցեագրող նոր առաջարկներն ու մոտեցումները:

 

Նորմերի արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում:

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը քաջալերեց մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգություններն ու դիտարկումները հնարավորինս համապարփակ նախագիծ ունենալու համար:

 

«Վերջին տասնամյակում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունները չէին կարող ազդեցություն չունենալ ներկայում գործող «Շինարարական կլիմայաբանություն» նորմերում օգտագործված կլիմայական հարաչափերի վրա, որոնք միտված են էներգաարդյունավետ շինությունների կառուցմանն ու, որպես վերջնանպատակ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը»,- նշեց Ազիզյանը:

 

Կենտրոնի Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը, ներկայացնելով «Հայաստանի շինարարական նորմերում կիրառվող կլիմայական հարաչափերի արդիականացման անհրաժեշտությունն էներգաարդյունավետ շինարարության խթանման նպատակով տաքացող կլիմայի պայմաններում» հետազոտությունը, ընդգծեց, որ 2000-ականներից ի վեր Հայաստանում բացառապես եղել են տաք տարիներ:

 

«Հայաստանի ջերմաստիճանի աճի տեմպերը գերազանցում են գլոբալ ջերմաստիճանի աճի տեմպերին 1․3 անգամ ու ընդհանուր տեղումների քանակը նվազել է, այսինքն՝ մենք ունենում ենք կլիմայի տաքացում, որն ուղեկցվում է չորացմամբ», - նշեց Գևորգյանը:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, կարևորելով տաքացող կլիմայի պայմաններին «Շինարարական կլիմայաբանություն» նորմերի համապատասխանեցմանն ուղղված քայլերը՝ ողջունեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կատարած աշխատանքն ու նախաձեռնողականությունը:

 

Արձագանքելով նախագծող ընկերությունների դիտողությանը, որ անհրաժեշտություն կա համապատասխանեցնել նաև հարակից շինարարական նորմերը վերանայված «Շինարարական կլիմայաբանություն» նորմին տարընթերցումներից խուսափելու համար, նշեց՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը կարող է տրամադրել տեխնիկական աջակցություն Քաղաքաշինության կոմիտեին խնդրի կարևորման դեպքում:

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

 

Միջոցառման ընթացքում ներկայացված նյութը՝  այստեղ


Կիսվել